ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Համաներումը պետք է դիտարկվի ավելի լայն, ոչ միայն մարտի 1-ի կտրվածքով»

«Համաներումը պետք է դիտարկվի ավելի լայն, ոչ միայն մարտի 1-ի կտրվածքով»
19.06.2009 | 00:00

«ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՄԻՊ-Ն Է ՄԵՂԱՎՈՐ, ԹԵ ՉԷ ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ»
Վերջին շրջանում հաճախ է հնչում այն տեսակետը, թե մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է հօգուտ իշխանությունների։ Այսօրինակ որակումներն առավել խորացան, երբ փաստահավաք խումբը լուծարվեց։ Ո՞րն է նման խոսակցությունների պատճառը։ «Կա նաև հակառակ մոտեցումը, թե ՄԻՊ-ը չափից դուրս կոշտ է իր գնահատականներում։ Հիմա ո՞ր մեկին լսեմ»,- այսպես հակադարձեց մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
-Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում ակնհայտորեն մեղադրանք ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, շեշտելով, թե Սերժ Սարգսյանը ոչնչացրեց կամ հիմնովին փչացրեց այն` փաստահավաք խմբի լուծարումը նրա միջոցով իրականացնելով։ Ձեր արձագանքը։
-Հեշտ է մեղադրել ուրիշներին։ Ճիշտ կլինի, որ բոլոր քաղաքական գործիչները, եթե ինչ-որ բան իրենց մոտ չի ստացվում, պատճառն իրենց մեջ փնտրեն։ Հիմա պարզվում է, որ բոլոր հարցերում ՄԻՊ-ն է մեղավոր, թե չէ ամեն ինչ շատ լավ կլիներ։ Փաստահավաք խմբի հետ տեղի ունեցածում իշխանությունն իր ներկայացուցիչների մեջ պետք է փնտրի պատճառները, ընդդիմությունը` իր։ Չգիտես ինչու, իրավունք են վերապահում այդ ամենում բոլորին մեղադրելու` իրենց անթերի համարելով։ Սա ինձ համար անհասկանալի է։ Այս դրսևորումները նկատելի են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ։ Ամեն մեկը կարծում է, որ ինքն է բացարձակ ճշմարտության կրողը, մեսիան։ Փաստահավաք խմբի ղեկավարը դուրս եկավ խմբից այն մթնոլորտի պատճառով, որը կրկին ձևավորվել էր քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների շնորհիվ։ Խումբն ահավոր քաղաքականացվել էր, ու հնարավոր չէր այնտեղ որպես անկախ փորձագետ աշխատել։ Իսկ քաղաքականացնողը հաստատ մենք չենք եղել (հիշեցնենք, որ փաստահավաք խմբի ղեկավարը ՄԻՊ-ի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էր- Ռ. Խ.)։ ՄԻՊ-ն այս պայմաններում կարող էր մի բան անել` նոր ներկայացուցիչ գործուղել այնտեղ` փորձելով շտկել իրավիճակը։ Լավ կլիներ, որ տվյալ դեպքում ընդդիմությունը փորձեր ինչ-որ թերություններ տեսնել նաև իր ներկայացուցիչների մոտ, ոչ թե համարեր, որ նրանք իդեալական էին աշխատում, իսկ մնացածները խանգարում էին։ Իշխանությունն էլ իր ներկայացուցիչների սխալները տեսներ։ Մինչդեռ ականատես եղանք փոխադարձ մեղադրանքների, այդ թվում նաև` իմ հասցեին։
-Ասել է` փաստահավաք խմբի լուծարումը պայմանավորում եք միմիայն քաղաքականացված մթնոլորտո՞վ։
-Այո՛, քանի որ խմբի անդամներն այլևս չէին կարող միմյանց հետ աշխատել։ Ավելին, ցանկություն էլ չունեին իրար հետ աշխատելու։ Այս ամենի հետ ի՞նչ կապ ունի ՄԻՊ-ը։
-Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել` ՀՀ նախագահի ներկայացրած համաներման հարցը քննարկելու համար։ Որպես մարդու իրավունքների պաշտպանի` Ձեր կարծիքով` ի՞նչ մեխանիզմներով պետք է համաներում իրականացվի։
-Ինչ մեխանիզմներով ցանկանում են, թող իրականացնեն, բայց բոլորին պետք է ազատ արձակեն։ Համաներումը պետք է դիտարկվի ավելի լայն, ոչ միայն մարտի 1-ի կտրվածքով, քանզի այն համապետական նշանակություն ունի։ Համաներումը պետք է նպաստի հասարակության կոնսոլիդացիային։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ